Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Նրանք հրապարակել են այն մարդու լուսանկարը, որն, իրենց պնդմամբ, իրականացրել է ահաբեկչությունը:
Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը ԱՄՆ-ի անունից իր թվիթերյան գրառման մեջ դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը, որի հետեւանքով զոհվել է դիվանագիտական առաքելության երկու անդամ, եւ ցավակցել զոհվածների հարազատներին։
Տեղի ունեցածը դատապարտել եւ զոհերի հարազատներին ցավակցություն է հայտնել նաեւ Աֆղանստանի ԱԳՆ-ն։ Քաբուլում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը ասել է, որ երկրի իշխանությունները խոստացել են միջոցներ ձեռնարկել ապագայում նման ահաբեկչություններից խուսափելու համար։