Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արեւմուտքը, էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվելով, քաղում է Ռուսաստանի եւ, մասնավորապես, ՌԴ նախագահի նկատմամբ կիրառած պատժամիջոցների պտուղները։ Մինչդեռ, ըստ նրա, Թուրքիան գազի հարցում բարդություններ չունի:
«Արեւմուտքի վերաբերմունքը, հարգարժան Պուտինի նկատմամբ դիրքորոշումն ու պատժամիջոցներն են հանգեցրել դրան։ Պուտինն իր ունեցած բոլոր զենքերն օգտագործում է»,– մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։
«Ցավոք, այսպիսի իրավիճակ է ստեղծվել, եւ Արեւմուտքում, կարելի է ենթադրել, շատ ծանր ձմեռ է լինելու»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը հազիվ թե կարողանա առաջիկա 5-10 տարում ամբողջությամբ փոխարինել ռուսական նավթն ու գազը: Այդ հարցում համակարծիք են ոլորտի առանցքային խաղացողները: Ըստ նախարարի՝ ռուսական նավթից Եվրոպայի հրաժարման մասին քննարկումն անգամ բացասաբար է ազդում շուկայի վրա. շուկան անմիջապես արձագանքում է դրան։
Նովակը կանխատեսել էր, որ առանց ՌԴ-ից մատակարարվող նավթի ու գազի աշխարհում կոլապս է տեղի ունենալու, իսկ գներն անկանխատեսելի են դառնալու։