ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ճապոնիայի հետ համաձայնագրերը Կունաշիր, Իտուրուպ եւ Փոքր Կուրիլյան կղզիներ ու լեռնաշղթաներ պարզեցված այցի վերաբերյալ։
Խոսքը 1991-ի փոխադարձ ուղեւորությունների ընթացակարգի եւ 1999-ի՝ այդ վայրեր առավել դյուրացված այցելությունների կազմակերպման վերաբերյալ համաձայնագրերի դադարեցման մասին է։ Վերջին տվյալներով՝ կղզիների նախկին բնակիչները ընտանիքի անդամների հետ իրավունք ունեին պարզեցված կարգով մուտք գործելու այդ տարածքներ։
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել Ճապոնիային։
Տոկիոն արձագանքել է որոշմանը: Ճապոնիայի կառավարությունը բողոք է հղել Ռուսաստան՝ Կուրիլյան կղզիներ ճապոնացիների կողմից պարզեցված այցերի մասին համաձայնագրի խզման պատճառով։
Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին Ռուսաստանի որոշումն անվանել է «բացարձակապես անհիմն ու անընդունելի»։ Հայաշին հավելել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի առնչությամբ, իսկ Մոսկվան, երկկողմ համագործակցության վերաբերյալ որոշումներ կայացնելով, փորձում է պատասխանատվությունը գցել Ճապոնիայի վրա։