Սահմանին զինվոր է զոհվել։ ՊՆ-ն վստահեցնում է, որ կրակոցն արձակել են հակառակորդները։ Բանն այն է, որ այս տարի գրեթե ամեն անգամ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, մերոնք դա հերքեն, թե չհերքեն, հաջորդ օրը զոհ ենք ունենում։ Այս անգամ ե՛ւ երեկ, ե՛ւ նախորդ օրը Ադրբեջանը պնդում էր, թե հայերը գնդակոծել են իրենց դիրքերը։ Ես, հազար ներողություն, սպասում էի մեր հերթական զոհին։
Բայց չէի սպասում, որ հաջորդ օրն իսկ հայկական կողմը կհերքի, թե գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։ Խոսքը զուտ մարդկային հակազդեցության մասին է։ Մենք արդեն չենք պատասխանում. գուցե իսկապես պատասխանել են, «շուխուռ» չեն անում։ Գուցե։ Բայց նախկինում ՊՆ-ն հայտարարում էր, որ մեր հերթական զոհին ի պատասխան կլինի կոշտ հակազդեցություն։ Թեպետ չլսեցինք, որ դրանից անմիջապես հետո կամ օրեր անց Ադրբեջանը հայտարարեր սահմանին իր հերթական զոհի մասին։
Փաստն այն է, որ խաղաղության օրակարգը ակտիվորեն գնդակոծվում է միակողմանիորեն գոնե հրապարակավ։ Ինչո՞ւ են մերոնք հերքում գնդակոծումները։ Եթե դա խաղաղության օրակարգի կոշտ պնդման շրջանակներում է, այդ դեպքում ինչո՞ւ են զոհվում հայ զինվորները խաղաղության օրակարգի շրջանակներում։ Եթե մերոնք իսկապես գնդակոծում են, հարց է ծագում, ինչո՞ւ, եթե իսկապես խաղաղության դարաշրջան է բացվում։
ՊՆ-ն թող ուշադիր նայի իր հաղորդագրությունները. Ադրբեջանի ցանկացած հրապարակումից հետո (գոնե այս տարի) հայկական բանակը սահմանին ունենում է զոհ։ Ուրեմն կա՛մ մերոնք սադրում են Ադրբեջանին, կա՛մ «պլոճիկ» չունեն պատասխանելու կոնկրետ զոհի դիմաց։
Քաղաքականության մեջ, չենք հերքում, «պլոճիկներ» չկան։ Բայց եթե «պլոճիկներ» չկան, մեր զինվորները խաղաղության օրակարգի մատաղացուներ չեն, ընկերնե՛ր։ Սահմանն անտե՛ր թողեք կամ տե՛ր կանգնեք մեր տղաներին։ Ո՞վ չգիտի, որ այսպիսի սպանությունների դեպքում պատասխանատուներ չկան. կա՛մ պատասխանում եք համապատասխան գնդակոծությամբ, կա՛մ խելոք շարունակում եք հրապարակել զոհերի անունները՝ խելոք ցավակցելով նրանց հարազատներին, որոնք չգիտեն էլ, թե քանի լումայի արժեք ունեն այդպիսի ցավակցությունները։
Մեկը պիտի լինի, որ ՀՀ քաղաքացուն ասի՝ մենք բացել ենք խաղաղության օրակարգը, որ զոհեր չլինեն։ Այլապես էնպես չի, որ պիտի զինվոր առ զինվոր առանց պատերազմի զոհաբերենք, մինչև խաղաղության օրակարգը ծպտուն կհանի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: