Ըստ Ռուսաստանում ամերիկյան դեսպանատան հայտարարության՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը մոտ երեք տարի որպես դեսպան աշխատելուց հետո ավարտել է իր առաքելությունը եւ կիրակի հեռացել Մոսկվայից։ Ու թեեւ պաշտոնապես նշվեց, որ դեսպանները որեւէ երկրում հստակ սահմանված ժամկետով են պաշտոնավարում, այս թեմայով մի քանի վարկածներ են շրջանառվում:
Ուշագրավ է, որ Սալիվանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին նշանակվել էր նախորդ վարչակազմի օրոք, եւ գործող նախագահ Ջո Բայդենն էր խնդրել, որ նա շարունակի իր պաշտոնավարումը նաեւ իր վարչակազմի օրոք։
Եվ ահա, POLITICO պարբերականին տված հարցազրույցում Ջոն Սալիվանը Մոսկվայից իր հեռանալու վերաբերյալ որոշ բացատրություններ է տվել։ Դեսպանը պարզաբանել է, որ այդպես անակնկալ ստիպված է եղել լքել Մոսկվան սոսկ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Բանն այն է, որ դեսպանի տիկինը՝ հայտնի իրավաբան Գրեյս Ռոդրիգեսը, հիվանդ էր քաղցկեղով։ Նա մահացել էր երկուշաբթի, իսկ մահից մի քանի օր առաջ նրա վիճակը կտրուկ վատթարացել էր։ Սալիվանն ու Ռոդրիգեսն ամուսնացած էին 34 տարի։
«Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մտածի, թե թերանում եմ իմ պարտականություններում»,- ասել է նախկին դեսպանը: Նա շեշտել է, որ հեռացել է միայն կնոջ առողջական վիճակի կտրուկ վատթարացման, ապա մահվան պատճառով: Դեսպանը հերքել է ռուս-ուկրաինական պատերազմի կամ էլ Բայդենի վարչակազմի վարած քաղաքականության հետեւանքով պաշտոնը լքելու վերաբերյալ վարկածները։
Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն հայտնել էր, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխդեսպան Էլիզաբեթ Ռուդը մինչ նոր դեսպանի նշանակումը։ Ռուդը Մոսկվայի ամերիկյան դեսպանատանը սկսել է աշխատել այս տարվա հունիսից։
Հայտնի է դարձել նաեւ, որ ամերիկյան պետական համակարգում 40 տարի եւ ԱՄՆ 5 նախագահների օրոք աշխատած Ջոն Սալիվանն, ըստ ամենայնի, կավարտի նաեւ կարիերան պետական-դիվանագիտական ասպարեզում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը