ՌԴ Կենտրոնական բանկից հայտնել են, որ այս տարվա առաջին կիսամյակում նկատելիորեն ավելացել են իրենց արտասահմանյան բանկային հաշիվներում պահվող գումարների ծավալները։ Ռուսական կենտրոնական դրամատան հրապարակած տվյալներով՝ 2022-ի հունվար-հունիսին ՌԴ քաղաքացիների արտասահմանյան հաշիվներում պահվող գումարների չափը հասել է 1,019 տրիլիոն ռուբլու (մոտ 16 միլիարդ 265 միլիոն դոլար)։
Ընդ որում` 540 միլիարդ ռուբլին բաժին է ընկնում այս տարվա առաջին եռամսյակին։ Հատկանշական է, որ փետրվարին՝ ռուս-ուկրաինական ռազմական առճակատման սկսվելուց ի վեր, Ռուսաստանից դուրս բերված գումարի չափը եղել է 331,6 միլիարդ ռուբլի, ինչը կարելի է համարել ռեկորդային ցուցանիշ։
Այս տարվա երկրորդ եռամսյակում ՌԴ քաղաքացիների արտասահմանյան բանկային հաշիվներում պահվող գումարի չափը ավելացել է եւս 480,1 միլիարդ ռուբլով։ Եթե փետրվարին ռեկորդային ծավալով է գումար դուրս բերվել Ռուսաստանից, մարտին արդեն այդ ցուցանիշը եղել է 173,8 միլիարդ, ապրիլին՝ 114,4 միլիարդ, մայիսին՝ 99,6 միլիարդ ռուբլի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը