ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական համաժողովում հայտարարել է, որ միջազգային հարաբերությունների համակարգում վերջին տարիներին տեղի են ունեցել տեկտոնական փոփոխություններ, զգալիորեն աճել է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների դերը: Ըստ նրա՝ «աշխարհում ԱՄՆ-ի վերացող գերիշխանությունը պատժամիջոցների քաղաքականության կատալիզատորն է դարձել»:
«Եվրոպայի արդյունաբերական զարգացման ձեռք բերված մակարդակը, մարդկանց կյանքի որակը, սոցիալ-տնտեսական կայունությունը՝ այս ամենը նետվում է պատժամիջոցների հնոցը, ծախսվում է Վաշինգտոնի հրահանգով՝ հանուն տխրահռչակ եվրաատլանտյան միասնության, իսկ իրականում զոհաբերվում է հանուն համաշխարհային գործերում ԱՄՆ-ի բռնապետության պահպանման»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ կորսված է վստահությունը դոլարի, եվրոյի եւ ֆունտ ստեռլինգի նկատմամբ, եւ որ Ռուսաստանը հեռանում է դրանց օգտագործումից: «Ի դեպ, նույնիսկ Միացյալ Նահանգների դաշնակիցները աստիճանաբար նվազեցնում են իրենց դոլարային պաշարները։ Դա երեւում է վիճակագրությունից»,- ասել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ գարնանը բազմաթիվ արտասահմանյան կորպորացիաներ հայտարարել են Ռուսաստանից հեռանալու մասին, մինչդեռ այսօր մեկը մյուսի հետեւից փակվում են արտադրություններն ու աշխատատեղերը հենց Եվրոպայում։ «Պատճառներից մեկը Ռուսաստանի հետ գործարար կապերի խզումն է։ ԵՄ իշխանությունները եվրոպական ձեռնարկություններին զրկում են էներգառեսուրսներից, հումքից, սպառման շուկաներից»,- ընդգծել է Պուտինը:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը պաշտպանել է հումքի արդյունահանման ոլորտը ոչ բարեկամական երկրների գործողություններից, եւ ներկայում միայն ռուսական իրավասության տակ գտնվող ընկերություններն իրավունք ունեն յուրացնելու ռուսաստանյան բնական պաշարները։ Նա հայտնել է, որ «Գազպրոմը» եւ Չինաստանը որոշել են գազի դիմաց վճարման համար անցնել ռուբլու եւ յուանի՝ 50-50 հարաբերակցությամբ:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ պատմության ընթացքին դիմակայելու փորձ անելով՝ Արեւմուտքի երկրները խարխլել են համաշխարհային տնտեսական համակարգի՝ հարյուրամյակներ շարունակ կառուցված առանցքային հենարանները: Պուտինը հավելել է, որ արեւմտյան երկրները փորձում են պահպանել միայն իրենց համար շահավետ համաշխարհային կարգը, մշտապես փոխում են կանոնները, եւ իրենք էլ խախտում են դրանք: