ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է «ՀՀ եւ Բելառուսի կառավարությունների միջեւ Հայաստանի եւ Բելառուսի քաղաքացիների՝ առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Համաձայնագիրը ԱԺ-ն վավերացրել է դեռ 2003-ի դեկտեմբերին։
Զեկուցողը` փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, նշել է, որ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության դինամիկ համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային շահերից։
«Երկկողմ համագործակցության տեսանկյունից հարկ է ընդգծել վերջին շրջանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխշփումները»,– ասաց Հովհաննիսյանը։
Փոխարտգործնախարարը շեշտել է, որ մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում ազատվում են պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի հաշվառման կանգնելու) պարտականությունից։ 30 օրից ավելի ժամկետով մյուս կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել մուտքի պետության իրավասու մարմիններում:
Քննարկման ընթացքում նշվել է, որ արձանագրության վավերացումը կդյուրացնի Հայաստանի եւ Բելառուսի առանց արտոնագրերի փոխայցելությունների մեխանիզմները։ Բելառուսի ԱԺ–ում համաձայնագրի վավերացման գործընթացն ընթացքի մեջ է, եւ մոտակա օրերին նախագիծը կվավերացվի: