Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ամենազգայուն հարցը մնում է ԼՂ–ի շուրջն անվտանգության ապահովման խնդիրը։
Պուտինը նշել է, որ այս տարի ՌԴ-ն ու ՀՀ-ն նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը եւ հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը, եւ երկու երկրների հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում։
ՌԴ նախագահը շեշտել է, որ մոտ ապագայում Ուզբեկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին ՀՀ վարչապետը հնարավորություն կունենա ևս մեկ անգամ հանդիպելու եւ բանակցելու գործընկերների հետ:
«Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շրջանակում Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջին տեղը: Առևտրաշրջանառությունը վերջին շրջանում մոտավորապես 25-30 տոկոսով աճել է: Մենք իրոք նկատում ենք Հայաստանում տնտեսական կայունացումը: Ձեր կառավարությունը շատ բան է արել այդ ուղղությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում։ «Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք, եւ կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»,- շեշտել է Փաշինյանը:
Այդ բարդ ժամանակաշրջանում ՀՀ վարչապետը կարեւոր է համարում մշտական շփումներն ու դիրքորոշումների ճշգրտումը ՌԴ-ի հետ։