ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկով որոշ փոփոխություններ են արվել 2022-ի օգոստոսի 24-ին ընդունված որոշման մեջ, որով նախատեսվում էր սեպտեմբերի 1-ից բարձրացնել բոլոր բազային թոշակներն ու նպաստները։
Նախորդ որոշման տարբերակված մոտեցումը սոցիալապես խոցելի խավի բողոքի առիթ էր դարձել։ Որոշվել է հարցը լուծել հավասարության սկզբունքով, եւ նոր ընդունված որոշմամբ սոցիալական բոլոր վճարումները կբարձրացվեն հավասար չափով` 3000 դրամով։
Կառավարության օգոստոսի 24-ի որոշմամբ 2022-ի սեպտեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել էր 21000 դրամ 18000 դրամի փոխարեն (ավելացել էր 3000 դրամով), իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28600 դրամի փոխարեն սահմանվել էր 30500 դրամ (ավելացել էր 1900 դրամով), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, ինչպես նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը ավելացել էին 2000 դրամով։ Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես ավելացել են 1900 դրամով (28600 դրամի փոխարեն սահմանվել է 30500 դրամ)։
Կառավարության նոր՝ սեպտեմբերի 8-ի որոշմամբ սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել են 31600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 46 000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը՝ 33000 դրամ։