Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ձեւավորված ավանդույթի, մինչեւ տարեվերջ ուղերձով կդիմի Դաշնային ժողովին: Ուղերձները, որպես կանոն, տարվա ամփոփում են, ինչպես նաեւ հաջորդիվ իրականացնելիք գործողությունների կամ վարելիք քաղաքական գծի ուղենիշներ։
Ռուս քաղաքագետներ Իլյա Գրաշչենկովն ու Դմիտրի Օռլովը կես միլիոն ակտիվ բաժանորդներ ունեցող НЕЗЫГАРЬ տելեգրամյան ալիքի խնդրանքով անդրադարձել են սպասվող ուղերձին, փորձել կանխատեսել, թե ինչ թեմաներ են շոշափվելու, ինչ շեշտադրումներով։
Ըստ «Ռեգիոնալ քաղաքականության զարգացման կենտրոնի ղեկավար Իլյա Գրաշչենկովի՝ առաջիկա ուղերձի շեշտադրումներն ակնհայտ են՝ «հատուկ ռազմական գործողություն», պատժամիջոցներ եւ տնտեսություն:
Գրաշչենկովն ընդգծել է, որ 2023-2024 թվականներին սկսվում է նախագահական արշավի հերթական շրջափուլը, եւ Պուտինը պետք է պատասխանի՝ կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ։ Այսպիսով՝ Դաշնային ժողովին ուղերձը շատ առումներով կարելի է համարել ամփոփիչ փաստաթուղթ նման որոշում ընդունելուց առաջ: «Ըստ ուղերձի շեշտադրումների՝ ազդեցության տարատեսակ խմբերը կստանան մոտավոր պատկերացում նախագահից, թե ինչ իրավիճակ է երկրում առհասարակ»,- նշել է Գրաշչենկովը։
Քաղաքական եւ տնտեսական հաղորդակցությունների գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Օռլովի կարծիքով սպասվող ուղերձում նախագահից երեք կարեւոր հարցերի պատասխան է ակնկալվում. նախ՝ ե՞րբ է ավարտվելու «հատուկ ռազմական գործողությունն» Ուկրաինայում, ո՞րն է լինելու վերջինիս արդյունավետության չափանիշը։ Դոնբասյան ինքնահռչակ հանրապետությունները կամ ռուսական զորքերի վերահսկողությանն անցած ուկրաինական մյուս տարածքները կմիանա՞ն Ռուսաստանին։ Ինչպե՞ս են կառուցվելու հարաբերություններն Ուկրաինայի հետ։
Ըստ Օռլովի՝ հարցերի երկրորդ խումբը վերաբերում է Արեւմուտքի հետ հարաբերություններին։ Ե՞րբ են Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները հարաբերականորեն կարգավորվելու եւ ի՞նչ չափանիշով։ Ռուսաստանի նկատմամբ սահմանված արեւմտյան պատժամիջոցների ո՞ր մասը կարող է չեղարկվել, եւ ի՞նչ պատասխան քայլեր կանի Ռուսաստանը։
Դմիտրի Օռլովը հարցերի երրորդ խումբը կապում է Ռուսաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության հետ։ Մասնավորապես, ինչպե՞ս է ռուսական տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում հարմարվելու «արտաքին սպառնալիքներին», ո՞րն է լինելու տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու չափորոշիչը, դրան հասնելու համար արդյունաբերականացման ազգային ծրագրի հետ համադրելի որեւէ ազգային ծրագիր լինելո՞ւ է, թե՞ ոչ:
Պատրաստեց Արման Գրիգորյանը