Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության չդադարող թշնամական հայտարարությունները Հունաստանի եւ հույն ժողովրդի հասցեին առաջացնում են լուրջ մտահոգություն եւ ամբողջապես հակասում են անհրաժեշտ ջանքերին:
Ըստ նրա՝ այդ ջանքերը պետք է ներդնել Արեւելյան Միջերկրականում իրավիճակի թուլացման համար: Դրանք, ըստ էության, նախատեսված են Եվրոպայի խորհրդի 2021-ի հունիսի եւ 2022-ի հունիսի ցուցումներում։
Եվրոպական միությունը բազմիցս է ընդգծել, որ տարակարծությունները անհրաժեշտ է կարգավորել խաղաղ եղանակով, միջազգային իրավունքի եւ երկրների օրինական ու կենսական շահերի ամբողջական պահպանմամբ ու հարգմամբ։ Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են, եւ անհրաժեշտ է դրանք դադարեցնել։ Լարվածությունը լիցքաթափելու համար պետք է բովանդակային ու անկեղծ երկխոսություն ծավալվի, ինչը կնպաստի փոխըմբռնմանն ու բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։
Պիտեր Ստանոն նկատել է, որ Եվրոպական միությունը վերստին հայտարարում է Թուրքիայից իր ակնկալիքների մասին: Ըստ այդմ՝ Անկարան լրջորեն պետք է աշխատի Արեւելյան Միջերկրականում լարվածության թուլացման ուղղությամբ հանուն տարածաշրջանի կայունության: Թուրքիան պետք է հարգի ԵՄ անդամ բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հունաստանը լուրջ խնդիրներ կունենա, եթե շարունակի սադրել թուրքական զինված ուժերին։ Էրդողանը քննադատել էր Հունաստանի ռազմաօդային ուժերին թուրքական ռազմական ինքնաթիռներին հետապնդելու համար, ինչը հունական կողմը հերքում է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը