ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը, հայտնել է, որ որոշման նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու ընտրել են վրացականին մոտ տարբերակը։
Որոշմամբ սահմանվել են նաեւ շուկայում գործող սննդի կետերի, շուկա այցելող քաղաքացիների համար ավտոկայանատեղիների չափորոշիչները։
«Փորձում ենք նկարագրել՝ ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա ավտոմեքենաների առքուվաճառքը»,– ասաց Սանոսյանը։
Ըստ նոր սահմանված չափորոշիչների՝ ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հեկտար, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` ֆինանսական, ոստիկանական, մաքսային։ Նախարարը նշել է, որ շուկայում ոչ միայն մեքենա գնելու, այլեւ մեքենան մաքսազերծելու, տեղում մեքենայի գնումից հետո հաշվառում անելու եւ պետհամարանիշ ստանալու հնարավորություն պետք է լինի։
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով ավտոշուկաները սահմանվել են որպես առեւտրի իրականացման վայր։ Բայց դրանց հստակ չափանիշներ չեն սահմանվել։
Նոր որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավելի վաղ, ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի», Վրաստանի ավտոներմուծողների միության ղեկավար Լաշա Դարբայսելին հայտարարել է, որ Հայաստանի ավտոշուկան ապագայում կարելի է դիտարկել որպես մրցակից։ Ըստ նրա, եթե Հայաստանը իսկապես մրցակցային շուկա դառնա, Վրաստանին տարեկան 800 միլիոն դոլարից կզրկի: