ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ Կենսաթոշակային հետվճարային համակարգին միացել է նաեւ «Ակբա» բանկը։
«Ակբան» կենսաթոշակային նոր համակարգին միացած հայաստանյան 4-րդ բանկն է։ Մինչ այդ հետվճարների ծրագրին միացել էին հայաստանյան կենսաթոշակներ վճարող 12 բանկերից միայն 3-ը` «ՎՏԲ Հայաստանը», «Արդշինբանկը» եւ «Հայբիզնեսբանկը»։
Բանկային քարտով առեւտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Ծրագրի շուրջ 200 հազար շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։ Ընդ որում՝ կարգավորման ժամկետը սահմանափակված չէ։
Կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը փոխելու ցանկություն ունեցող քաղաքացիները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։