Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) նոր հարցման արդյունքներով Վրաստանում հարցվածների մոտ 30%-ը դժվարացել է նշել պատճառը՝ ինչու Վրաստանը չի ստացել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ։
Հարցվածների 24%-ը չգիտի, որ Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի ու Ուկրաինայի, չի ստացել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Հարցվածների 30%-ը գիտի, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չի ստացել. նրանք նաեւ նշել են, որ չգիտեն, թե ինչու Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տրվել։
Հարցման ենթարկվածների 17%-ը կարծում է, որ դրա պատճառը կառավարության անգործությունն է, 14%-ը՝ բեւեռացումը: Հարցվածների 14%-ի կարծիքով Վրաստանը Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ չստացավ, քանի որ Թբիլիսին չկատարեց անդամակցության չափանիշները: Հարցման ենթարկվածների 8%-ը մեղադրում է ընդդիմությանը, որը խոչընդոտել է գործընթացը: 3%-ը համարում է, որ Վրաստանը չի ստացել Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ Ռուսաստանի նկատմամբ Թբիլիսիի դիրքորոշման պատճառով: 4%-ը համոզմունք է հայտնել, որ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չստանալու պատճառը պատերազմին չմիանալն ու երկրորդ ճակատ չբացելն է:
Մեկական տոկոսի կործիքով պատճառն այն է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի կատարել Շառլ Միշելի համաձայնագրի պայմանները, ինչպես նաեւ Սաակաշվիլիի ձերբակալությունն ու Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարումը:
Հարցվածների 17%-ը վստահ է, որ Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանար, եթե Ռուսաստանի Դաշնության հետ երկրորդ ճակատ բացեր։ 59%-ը սա սուտ է համարում, իսկ 24%-ը նշել է, որ չգիտի այս հարցի պատասխանը կամ չի ցանկանում պատասխանել հարցին։
Հետազոտության շրջանակում հուլիսի 20-30-ը հեռախոսային հարցազրույցի ձեւով հարցմանը մասնակցել է 1244 քաղաքացի։