Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունն ավարտել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի՝ Մարտուն Մաթեւոսյանի՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերով քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ»-ի տնօրենը կատարել է լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ: Նա պատշաճ չի կատարել պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:
Ըստ Քննչական կոմիտեի` «Հայանտառ»-ի նախկին տնօրենը 2007-ի օգոստոսին հանգստի գոտի կազմակերպելու նպատակով տասը տարի ժամկետով, տարեկան 240 հազար դրամով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր է կնքել՝ վարձակալների ժամանակավոր օգտագործմանը հանձնելով «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք:
2014-ին «Հայանտառ»-ը քաղաքացիական հայցեր է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես վարձավճար եւ տուժանք վարձակալներից յուրաքանչյուրից բռնագանձել 11 միլիոն 371 հազար 517 ՀՀ դրամ (ընդհանուր 34 միլիոն 114 հազար 551 դրամ), որոնք դատարանը բավարարել է:
«Հայանտառ»-ի տնօրենը, սակայն, վարձակալների հետ մտերիմ հարաբերություններից եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները եւ ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնյային պարբերաբար բանավոր ցուցում է տվել կատարման չուղարկել օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը: Արդյունքում ոչ միայն հեղինակազրկվել է «Հայանտառ»-ը, այլեւ պետությունը կրել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը առանց հիմնավորման 2016-ի դեկտեմբերի հրամանով ամբողջությամբ չեղյալ է համարել մի շարք քաղաքացիների վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի եւ տուժանքի գումարները իբրեւ հողամասերի չօգտագործման դիմաց վնասի հատուցում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կազմակերպության կանոնադրությանը եւ իր աշխատանքային պայմանագրին համապատասխան կազմակերպության ընթացիկ ղեկավարումը պատշաճ կարգով չի իրականացրել: Նա չի կազմակերպել ՊՈԱԿ-ի իրավաբանական եւ մեթոդաբանության բաժնի գործունեությունը, համապատասխան հանձնարարություններ չի տվել քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ համապատասխան հայցեր նախապատրաստելու եւ դատարան ներկայացնելու վերաբերյալ: Դրա հետեւանքով չմուծված վարձավճարի եւ տուժանքի գումարները գանձելու ու պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցները ձեռնարկվել են իրավունքի խախտման մասին իմանալուց հետո` հայցային վաղեմության եռամյա ժամկետի խախտմամբ: Դատարանները հայցերը մասնակի մերժել են քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
«Հայանտառ»-ի նախկին տնօրենին օրենքով սահմանված կարգով մեղադրանք է առաջադրվել: Կոմիտեն քրեական վարույթով հայտարարել է նախաքննության ավարտի մասին եւ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ գործն ուղարկել հսկողություն իրականացնող դատախազին:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը 13 տարի` 2004-2017-ին, ՀՅԴ անդամ Մարտուն Մաթևոսյանն էր։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։