Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային նախազգուշացում է արել՝ հորդորելով խուսափել ճամփորդություններից, որոնք ռուսական ավիափոխադրողների տիրույթում են:
«ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը՝ FAA-ն, նվազեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անվտանգության չափանիշներին»,- ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում։
Ամերիկյան դեսպանատունը հավելել է, որ FAA-ի անվտանգության վարկանիշը չի վերաբերում հայկական ավիափոխադրողներին կամ Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Հայաստանում շահագործվող օդանավերին: