Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Բալմորալի իր շոտլանդական նստավայրում կնքեց մահկանացուն:
Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում: Ըստ կարգի` բրիտանական գահը կժառանգի արքայազն Չարլզը։
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ Բուքինգհեմյան պալատի դրոշն իջեցվել է, Մեծ Բրիտանիայում ազգային սուգ է հայտարարվել։ Ըստ Sky պարբերականի՝ այն կտեւի 10 օր՝ մինչեւ թագուհու հուղարկավորությունը։ Փոխվել է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական կայքի նկարը։
Թագուհու նստավայրի մոտ են հավաքվել բրիտանացիները, որոնք վշտացած են սիրելի միապետի մահվան լուրից։
Արքայազն Չարլզին որպես Մեծ Բրիտանիայի թագավոր պաշտոնապես հռչակելու արարողությունը տեղի կունենա Լոնդոնի Սենտ Ջեյմսի պալատում։ Թագադրության հստակ ամսաթվեր դեռեւս չեն հաղորդվում: