Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը քաշաթաղցիների բազմաթիվ խնդիրների շարքում նշում է նրանց բնակարանային խնդիրը՝ պատերազմի հետեւանքով Քաշաթաղի բնակավայրերից տեղահանված մոտ 10 հազար քաշաթաղցի բնակարանային ապահովման խնդիր ունի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խմբագիր Ըռքոյանը նշել է, որ քաշաթաղցիների մեծ մասը տեղահանվելուց հետո վերադարձել է Հայաստանի իրենց նախկին բնակավայր, բայց այդ բնակավայրերում նրանք ժամանակին վաճառել են իրենց տները՝ խանդավառվելով Քաշաթաղի բնակվելու ծրագրով: Կան քաշաթաղցի ընտանքիներ, որոնք այժմ բնակվում են հասարակական նշանակության օբյեկտներում, որտեղ բացակայում են կենցաղային նվազագույն պայմանները:
Ներկայումս Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում գրանցված է 3-4 հազար քաշաթաղցի ընտանիք: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ից Քաշաթաղ եւ Քարվաճառ տեղափոխված փախստականները: Վերջիններիս խնդիրների մասին էլ այսօր խոսել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Նրանք հայտնել են, որ կան քաշաթաղցի շատ ընտանիքներ, որոնք փաստաթղթային խնդիրների պատճառով չեն կարողանում օգտվել ֆինանսական աջակցության ծրագրերից:
Երկուսն էլ նշել են, որ փախստականների վերադարձի հետ կապված խնդիրների լուծման ու ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային կոթողների պաշտպանության գործում, բացի միջազգային կառույցներից, անելիքներ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը՝ ըստ հրադադարի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների: