Սեպտեմբերի 8-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Շոտլանդիայի իր Բալմորալ դղյակում 96 տարեկանում վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։ Նա ամենից երկար գահակալած բրիտանացի միապետն է, ամենատարեցը աշխարհի միապետների շարքում։ Միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռված է Բուքինգհեմյան պալատի վրա։ Առաջիկայում թագուհու հոգեհանգստի ու հուղարկավորության արարողություններն են:
Դրան հետեւելու է բրիտանական նոր միապետ համարվող, Չառլզ 3-րդ անունն ընտրած Ուելսի արքայազն Չառլզի թագադրությունը։ Վերլուծաբանները նշում են, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն անմնացորդ կատարեց 1953-ին գահ բարձրանալիս իր ժողովրդին տված խոստումը՝ կյանքը նվիրաբերել բրիտանացի ժողովրդին։ Նա մինչեւ կյանքի վերջին պահը կատարեց իր պարտականությունները՝ յոթ երկար ու ձիգ տասնամյակ ծառայելով բրիտանացի ժողովրդին ու բրիտանական միապետությանը։
Ինչպես Եղիսաբեթ 2-րդը դարձավ թագուհի
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, ինչպես նաեւ Ազգերի բրիտանական համագործակցության եւս 14 անկախ երկրի միապետուհի Եղիսաբեթ 2-րդը կամ Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Վինձորը ծնվել է 1926-ի ապրիլի 21-ին Լոնդոնում։ Նա Յորքի դուքս արքայազն Ալբերտ Ֆրեդիկ Արթուր Գեորգի՝ ապագա Գեորգ 6-րդ թագավորի եւ լեդի Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի ավագ դուստրն էր։ Նախապես նա բրիտանական գահի հավակնորդ չէր համարվում, քանի որ նրանից առաջ կային նրա հորեղբայրը՝ Ուելսի արքայազն Էդուարդը՝ ապագա Էդուարդ 8-րդ թագավորը, եւ իր հայրը։ Սակայն Էդուարդ 8-րդը գահ բարձրանալուց 10 ամիս անց հրաժարվում է գահից՝ 1936-ին իր սիրուհու՝ ամուսնալուծված ամերիկուհի միլիոնատիրոջ հետ ամուսնանալու համար:
Այդ արարքն այժմ արդեն հանգուցյալ թագուհին երբեք չներեց հորեղբորը: Եվ թերեւս դա էր պատճառը, որ իր գահակալության ամբողջ ընթացքում Եղիսաբեթ 2-րդն աչքի ընկավ արտակարգ խիստ կարգապահությամբ եւ, որպես միապետ, սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ։ Հոր՝ Գեորգ 6-րդ թագավորի՝ 1952-ի փետրվարից մի քանի ամիս թոքերի քաղցկեղի դեմ պայքարից ու մահից հետո արքայադուստր Լիլիբեթը 1953-ի հունիսի 2-ին թագադրվեց Վեսթմինսթերյան աբբայությունում։ Ի դեպ, դա պատմության մեջ հեռուստատեսությամբ ցուցադրված առաջին թագադրությունն էր:
Վարորդ-ավտոմեխանիկի մասնագիտության տեր թագուհին
Երկրորդ աշխարհամարտի վերջում արքայադուստր Եղիսաբեթը զինվորական ծառայության անցավ՝ 1945-ի փետրվարին ուսումնական պատրաստություն անցնելով ռազմատրանսպորտային ուսումնական կենտրոնում եւ ձեռք բերելով ավտոմեխանիկ-վարորդի որակավորում ու կրտսեր սպայի զինվորական կոչում։ Երկար ժամանակ նա թագավորական ընտանիքում համարվում էր զինվորական ծառայություն անցած եւ մասնագիտություն ունեցող միակը։ Ամուսնացավ Եղիսաբեթ 2-րդը 1947-ին բրիտանական նավատորմի սպա, հունական եւ դանիական թագավորական ընտանիքների անդամ Ֆիլիպ Մաունթբեթենի հետ։ Նախքան ամուսնությունը վերջինիս Գեորգ 6-րդն արժանացրել էր Էդինբուրգի դքսի տիտղոսին։ Արքայազն Ֆիլիպը մահացավ 2021-ի ապրիլի 9-ին 99 տարեկանում։ Դա 76 տարի տեւած եզակի երջանիկ ամուսնություն էր։ Թագուհին եւ արքայազն Ֆիլիպն ունեցել են չորս զավակ։
Թագուհին եւ իր ժամանակը
Եղիսաբեթ 2-րդի գահակալությունը կարելի է համարել մի ամբողջ պատմական դարաշրջան։ Նրա օրոք Մեծ Բրիտանիայում փոխվեց 14 կառավարություն։ Լիզ Թրասը Եղիսաբեթ 2-րդի 15-րդ վարչապետն էր։ Թագուհին ականատես եղավ Սառը պատերազմին, Բեռլինյան պատի անկմանն ու Խորհրդային Միության փլուզմանը, թագավորական ընտանիքի համար անհանգիստ ու ճգնաժամային իննսունականների անցուդարձին, Վինձորյան դղյակի 1992-ի հրդեհին, որդու՝ արքայազն Չառլզի (այժմ արդեն Կառլ 3-րդ թագավորի) եւ արքայադուստր Դիանայի ամուսնալուծության տհաճ պատմությանն ու արքայադստեր ողբերգական մահվանը 1997-ին:
Եղիսաբեթ 2-րդը ոտք դրեց նորանոր փոփոխություններով եւ մարտահրավերներով լի նոր հազարամյակ։ Թագուհին կողմնակից էր փոփոխությունների ու, հակառակ առաջացած տարիքին, 2000-ականների սկզբից ի վեր ձեռքը պահում էր մոլորակի զարկերակին ու ամեն ինչ անում, որ բրիտանական հազարամյա միապետությունը նոր դարաշրջանում ներկայանա նոր տեսքով՝ ավելի արդիական, ավելի ընկալելի 21-րդ դարի մարդուն։
Այդ ամենով հանդերձ՝ թագուհին հավատարիմ մնաց զուտ անգլիական կարգապահությանը, գործնականությանն ու միապետական ավանդույթներին։ Դա փոթորկուն, իրադարձություններով՝ վայրիվերումներով, պատերազմներով, սկանդալներով, փոփոխություններով հարուստ հետաքրքիր ու դրամատիկ ժամանակաշրջան էր։ Եվ պատահական չէ, որ դեռ թագուհու կենդանության օրոք նրա կյանքի որոշ դրվագներ էկրանավորվել են, նրա մասին գրվել են գրքեր, արվել ուսումնասիրություններ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը