Կառավարությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Փաշինյանը ողջունել է Ռիքերի տարածաշրջանային այցը եւ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի կարեւոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության: Նա կարեւորել է ՄԽ–ի շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը եւ Մինսկի խմբի փորձի օգտագործումը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Շեշտվել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Ռիքերը նախօրեին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, իսկ սեպտեմբերի 10-ին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Ամերիկացի պաշտոնյան Հայաստանից ուղեւորվելու է Վրաստան, ապա՝ Ադրբեջան։ Բոլոր երեք երկրներում Ֆիլիպ Ռիքերը հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը քննարկելու համար։