Լոնդոնի Սենթ Ջեյմս պալատում սեպտեմբերի 10–ի առավոտյան Գահաժառանգության խորհրդում տեղի ունեցած արարողության ընթացքում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավագ որդի արքայազն Չառլզը պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի նոր միապետ՝ թագավոր Չառլզ Երրորդ: Նրա կինը՝ Կամիլան, թագուհի-կոնսորտի կարգավիճակ է ստացել։
Արքայազն Չառլզը Մեծ Բրիտանիայի նոր թագավոր է դարձել սեպտեմբերի 8–ին` իր մոր՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից անմիջապես հետո: Սակայն գահի պաշտոնական փոխանցման գործընթացը տեղի է ունեցել սեպտեմբերի 10–ին՝ Գահաժառանգության խորհրդում, որը սովորաբար հավաքվում է Լոնդոնի Սենտ Ջեյմսի պալատում՝ նախորդ տիրակալի մահից հետո մեկ օրվա ընթացքում:
Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացել է Շոտլանդիայում:
Արարողությանը ներկա էին կառավարության անդամները՝ նորանշանակ վարչապետ Լիզ Թրասի գլխավորությամբ, Համայնքների պալատի անդամները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Թոնի Բլերը, Գորդոն Բրաունը եւ Դեյվիդ Քեմերոնը։