Ռումինիայի Մամայա քաղաքում շարունակվում է մինչեւ 14, 16 եւ 18 տարեկան աղջիկների եւ տղաների շախմատի աշխարհի առաջնությունները:
Չորս տուրից հետո գերազանց ելույթ է ունեցել 18-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը, որն իր տարիքային խմբում տարել է 4 անընդմեջ հաղթանակ եւ ներկայում միանձյա գլխավորում է աղյուսակը: Սեպտեմբերի 10-ին 5-րդ տուրում նա սեւերով կմրցի մոնղոլուհի Բատ-Էրդենե Մունգունզուլի հետ:
Հայ շախմատիստուհիներից հաջող է հանդես գալիս նաեւ 14-ամյա Անի Ավետիսյանը, որը հաղթանակ տարավ ընթացիկ տուրում եւ վաստակած 3,5 միավորով 5-րդ տեղում է:
Հայաստանի պատանի շախմատիստներից շարունակում են վստահ հանդես գալ 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ 16-ամյա Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը: Առաջինը 4-րդ տուրում տարել է 3-րդ հաթանակը եւ ներկայում 3,5 միավորով կիսում է 1-7-րդ հորիզոնականները: Սեպտեմբերի 10-ին նա սեւերով կհանդիպի լեհ միջազգային վարպետ Յոնաս Բաումի հետ:
Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը նույնպես վաստակել են 3,5-ական միավոր, սակայն դեռեւս հետ են մնում ուկրաինացի Արտեմ Լուցկոյից, որն ունի 100-տոկոսանոց արդյունք: Հինգերորդ տուրում նրանք կմրցեն համապատասխանաբար բուլղարացի Նիկոլա Կանովի եւ ֆրանսիացի Տիմոտի Ռազաֆինդրացինայի հետ: