ՀՀ Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հա փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա: Ինչպես այս տարածքը, այնպես էլ «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հա, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հա տարածքները (ընդհանուր՝ 2895 հա) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էին «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերությանը:
Ընկերության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարություն) միջեւ 2004 թվականի օգոստոսի 16-ին կնքվել էր «Անտառային ֆոնդի տարածքի անժամկետ անհատույց օգտագործման» պայմանագիր։
Շրջակա միջավայրի նախարարությունը դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 22-ին գրավոր ծանուցել էր ընկերության եւ բնապահպանության նախարարության միջեւ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության եւ օգտագործման» պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու մասին։
«Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ նշված պայմանագիրը խզելու եւ Կառավարության վերոնշյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հարցը, որպես չզեկուցվող, ներառվել էր Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում։
Այս նախագծի ընդունմամբ պետությունը լիարժեք եւ արդյունավետ կապահովի բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումն ու պահպանությունը։
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ները բազմիցս են բարձրաձայնել, որ «Սաֆարի ինտերնեյշընլ» ընկերությունը, որը «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի իտալական կողմի բաժնետերն է, Հայաստանի կենսաբազմազանության հազվագյուտ ու վտանգված կենդանատեսակներին՝ գորշ արջերին, բեզոարյան այծերին ու հայկական մուֆլոններին առաջարկում էր իր ծառայությունների ցանկում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։