Էլեկտրական մեքենաների սիրահարներին այսօր մեկտեղել էր «Էլեկտրամոբիլների շքերթ» միջոցառումը։ Արդեն երրորդ տարին է, ինչ կամավորական սկզբունքով էլեկտրական մեքենաների բազմաթիվ սիրահարներ շքերթի են դուրս գալիս: Այս տարի միջոցառումը նվիրված էր էլեկտրամոբիլների միջազգային օրվան` հանուն էկոլոգիապես մաքուր Հայաստան ունենալու, նպաստելու երկրի տեխնոլոգիական ու կայուն զարգացմանը։
Այս տարի միջոցառումն առավել բազմաբնույթ էր: Մեկնարկելով Շահումյան հրապարակից՝ էլեկտրամոբիլների վարորդները կանգառել են Եռաբլուրի մոտ, ծառատունկ, ապա՝ էլեկտրամոբիլների մրցույթ անցկացրել, որն ավարտել են TESLA ENERGY էլեկտրամոբիլների ավտոսրահում՝ քննարկելու էլեկտրամոբիլների խնդիրներն ու համատեղ լուծումներ գտնելու:
Ինչպես տեղեկացանք միջոցառման համակազմակերպիչ, «Chargers.am» էլեկտրամոբիլների լիցքավորման լուծումների հարթակի հիմնադիր Կարեն Դերձյանից, 5 տասնյակ էլեկտրամոբիլ է մասնակցել միջոցառմանը:
Հայաստանում էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը շարունակաբար ավելանում է: 2021 թվականին բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող 6645 փոխադրամիջոց է ներկրվել, 2020 թվականին՝ 2155, այդ թվում՝ մոտոցիկլետ, հեծանիվ, սկուտեր, ավտոմեքենա, բեռնատար եւ այլն։
Մեծ հետաքրքրություն է առաջացել հատկապես էլեկտրամոբիլների նկատմամբ, զգալի ավելացել են ներկրումն ու շահագործումը: Եթե մի քանի տարի առաջ տարեկան մի քանի տասնյակ էլեկտրամոբիլ էր ներկրվում, ապա նախորդ տարի՝ 1900, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 1041:
«Էլեկտրամոբիլը տնտեսապես շահավետ է ու հարմար»,- ասում են վարորդները: Ըստ հաշվարկների՝ էլեկտրամոբիլները բենզինով աշխատող մեքենաների համեմատ խնայում են 10 անգամ, գազով մեքենաների դեպքում՝ 3 անգամ ավելի։ Դրանք չեն պահանջում նաեւ յուղի փոխարինում որոշակի պարբերականությամբ։ Ընդամենը 2000 դրամ արժողության լիցքավորումը բավականացնում է շուրջ 300 կմ վարելու համար:
Էլեկտրամոբիլների քանակի ավելացմանը նպաստել են նաեւ պետության խրախուսման մեխանիզմները: Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով մինչեւ արտոնությունների տրամադրումը հանրապետություն ներկրվել է 42, իսկ դրանից հետո՝ 3 484 էլեկտրամոբիլ:
Էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներն ազատված են ԱԱՀ-ից, իսկ էլեկտրամոբիլները՝ նաեւ մաքսատուրքից: 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների առանձին տեսակներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու առնչությամբ: Առանց ներմուծման մաքսատուրքերի վճարի ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել են քվոտա, որով 2022 թվականին արտոնյալ պայմաններով կարելի է ներմուծել 7000 հատ, 2023-ին՝ 8000 (սակագնային արտոնությունը նախատեսված է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ):
Լուծված է նաեւ լիցքավորման կայանների հարցը: Երկրով մեկ արդեն 100-ից ավելի լիցքավորման կայան կա:
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը ՄԱԶԾ ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում 2018 թվականից ի վեր գործընկեր համայնքներին նվիրաբերել է էլեկտրական մեքենաների 25 լիցքավորման կայան: Ծրագրի նպատակը ոչ միայն անհրաժեշտ ենթակառուցվածքների ընդլայնումն էր, այլեւ համայնքների կայուն զարգացմանն աջակցելը։ Լիցքավորումը դրանցում անվճար է: Ընթացիկ սպասարկման ծախսերը հոգում են համայնքները:
Կայաններից երեքը Երեւանում են՝ Օպերայի ստորգետնյա կայանատեղում:
Լիցքավորման կայանների տեղորոշումը հեշտացնելու համար ծրագրի շրջանակում մշակել են նաեւ Հայաստանում կայանների մասին բջջային հավելված։
Էլեկտրամոբիլների շահագործմանն առնչվող որոշ խնդիրներ կան: «Օրինակ՝ լիցքավորման կետերի մոտ կայանում են այլ մեքենաներ, եւ ոստիկանները չեն կարող տարհանել դրանք, քանի որ հիմք չունեն»,- ասում է Կարեն Դերձյանը:
Խնդիրն արդիական է հատկապես Երեւանում: Էլեկտրամոբիլների սիրահարները միջոցառման շրջանակում քննարկել են հարցը: Կարծում են, որ անհրաժեշտ է փոփոխություններ անել ճանապարհային երթեւեկության կանոններում: Օրինակ՝ էլեկտրամոբիլների կայանատեղերը կարող են համապատասխան կահավորում ունենալ, ինչպես, օրինակ, հաշմանդամություն ունեցող մարդկանց ավտոմեքենաների դեպքում, եւ հատուկ տարբերանշան:
Խնդիրներ կան նաեւ գույքահարկի առումով: Նույն չափսի ու գնային նույն միջակայքով էլեկտրամոբիլների գույքահարկը բենզինով կամ գազով աշխատող մեքենաների համեմատ կրկնակի բարձր է: Սա եւս խոչընդոտ է, որպեսզի վարորդները նախընտրեն էլեկտրամոբիլը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։