Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Վճռորոշ գոտեմարտում նա 7։1 հաշվով առավելության է հասել սերբ մարզիկ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։
Մինչ այս Ամոյանը երկու գոտեմարտ է անցկացրել, որոնցում նախ հաղթել է շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, ապա առավելության հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար Ամոյանը պետք է երեք գոտեմարտ անցկացներ, սակայն նրա առաջին մրցակիցը՝ վրացի Լուրի Լոմաձեն, հրաժարվել էր պայքարից:
Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը հավասար միավորներով պարտվել էր հունգարացի մրցակցին՝ զրկվելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունից։
Մեդալ նվաճելու հնարավորությունը պահպանում է նաեւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Նա գոտեմարտ կանցկացնի, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ղարիբյանը Պետրավիչուսին հաղթել է, Օվասապյանը՝ պարտվել Մայքլ Շուլցին
1/16 եզրափակիչում Գեւորգ Ղարիբյանը մաքուր հաղթանակ տարավ վրացի Պրիդոն Աբուլաձեի նկատմամբ։ Հաջորդ փուլում Գեւորգ Ղարիբյանը կմրցի ղազախ Այդոս Սուլտանգալիի հետ։
Այս քաշային կարգում Բուլղարիան ներկայացնող հայազգի մարզիկ Էդմոնդ Նազարյանը վստահ հաղթանակով սկսեց առաջնությունը՝ 11։0 հաշվով ջախջախելով լիտվացի Յուստաս Պետրավիչուսին։
Մեր ծանրքաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկային մարտում հանդիպեց ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցի հետ: Մարտից հետո չնայած գրանցվեց հավասար արդյունք՝ 1։1, սակայն լրացուցիչ հաշվարկներով հաղթանակը շնորհվեց ամերիկացի ըմբիշին։
Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի չորրորդ տիտղոսի համար
Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի աշխարհի չեմպիոնի չորրորդ տիտղոսի համար:
97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը մրցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ եւ հաղթել 3:1 հաշվով:
Նախորդ անգամ Ալեքսանյանն ու Սարավին հանդիպել էին Տոկիոյի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ աշխարհի եռակի չեմպիոնը 4։1 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին:
Եվրոպայի հնգակի չեմպիոնն այս անգամ պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: