Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության հուշագիր կստորագրի։
Զախարովան ասել է, որ ՇՀԿ առաջիկա գագաթնաժողովին սպասվող դրական գործողություններից մեկն էլ ՇՀԿ հիմնարար փաստաթղթերի եւ միջազգային համաձայնագրի իրանական կողմի վավերացումն է։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ կազմվել են նաեւ Եգիպտոսին, Կատարին եւ Սաուդյան Արաբիային Շանհայի համագործակցության կազմակերպության «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակի տրամադրման համաձայնագրերը: Դրանց հաջորդելու են բանակցությունները Բահրեյնի, Մալդիվյան կղզիների եւ այլ երկրների հետ։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Ուզբեկստանի՝ մեծությամբ երկրորդ Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ին։ Գագաթնաժողովին կմեկնարկի այդ կազմակերպությանը Բելառուսի անդամակցության գործընթացը։
Ներկայում ՇՀԿ լիարժեք անդամներ են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։ Կազմակերպությունն ունի նաեւ դիտորդ, ինչպես նաեւ այլ թեկնածու երկրներ։ Իրանական Tehran Times պարբերականը գրում է, որ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ՇՀԿ անդամ դառնալու համար։ Դրա համար իրագործման համար պաշտոնական Թեհրանից երկու տարի կպահանջվի։
Շանհայի համագործակցության կազմակերպությունում որպես դիտորդ, բացի Իրանից ու Բելառուսից, որոնք դառնալու են անդամ պետություն, մասնակցելու է նաեւ Մոնղոլիան, իսկ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանը կմասնակցեն այդ գագաթնաժողովին որպես ՇՀԿ գործընկերներ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը