Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներից շարունակում է վստահ հանդես գալ Մարիամ Մկրտչյանը: Նա մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում կայացած 6 տուրից հետո տարել է 6 հաղթանակ եւ այժմ միանձնյա առաջատարն է:
Սեպտեմբերի 12-ին նախատեսված 7-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը կհանդիպի կես միավորով հետ մնացող իսպանուհի Մարիա Էյսագուերիին, իսկ Մ-16 պատանիների մրցաշարում 5,5 միավոր վաստակած Էմին Օհանյանը՝ ֆրանսիացի Տիմոտի Ռազաֆինդրացիմային, որի հետ բաժանում է առաջին տեղը:
Գերմանացի Մարիուս Ֆրոմին հաղթած՝ մինչեւ 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից եւ 5 միավոր վաստակած ու առաջին տեղը բաժանող Մամիկոն Ղարիբյանը կմրցի իր հետ համաքայլ ընթացող ղազախ Կազիբեկ Նոգերբեկի հետ:
Տարիքային մյուս խմբերում մեդալների համար պայքարը շարունակում են նաեւ Բենիկ Աղասարովը Մ-14, Արսեն Դավթյանը Մ-16, Անի Ավետիսյանը Մ-14, որոնք շատ քիչ են հետ մնում առաջատարներից: