Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ԱԺ-ի աշխատանքները։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին նախորդ շաբաթ տեղի ունեցած ԱԺ նիստին։
ԱԺ նիստերը բոյկոտելու որոշման մասին հայտարարելիս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել էին պատճառները։
«Պատիվ ունեմ»–ից Տիգրան Աբրահամյանն ասել էր, թե դեռ մայիսից իրենց դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել․ «Այն ենթադրում է միջազգային կառույցներում, միջազգային գործընկերների հետ աշխատանք»:
«Հայաստան» խմբակցությունն էլ հայտարարություն էր տարածել, թե «գործող իշխանությունները ԱԺ–ին պարտադրում են Հայաստանին եւ Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր», հետեւաբար իրենք բոյկոտելու են ԱԺ նիստերը։ Միաժամանակ, սակայն, հայտարարել է, թե չեն հրաժարվի միջազգային կառույցներում խորհրդարանական աշխատանքից․ «Խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքները արտերկրի մեր գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»։
Խորհրդարանական ընդդիմությունը հասարակության հետ մինչեւ վերջ անկեղծ չէ։ Նրանք չեն մասնակցում ո՛չ ԱԺ լիագումար, ո՛չ մշտական հանձնաժողովների նիստերին, հանդես չեն գալիս օրենսդրական նախագծերով, ոչ էլ եղած օրինագծերի վերաբերյալ են դիտողություններ ներկայացնում, բայց փոխարենը ակտիվ են միջազգային կառույցներում՝ միջխորհրդարանական վեհաժողովներում։
Իրենք, իհարկե, փորձում են ներկայացնել, թե այս ամենն անում են «համահայկական շահերից ելնելով», «հայրենիքը փրկելու» համար։ Ընդդիմադիրներն այդպես փորձում են արդարացնել ԱԺ աշխատանքները բոյկոտելուն զուգահեռ իրենց մանդատները պահելը։ Բայց իրականում ակնհայտ է, որ նրանց քայլերը թելադրված են բացառապես անձնական շահով։
Ի վերջո, միջազգային կառույցներում՝ միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում աշխատանքը դրսում լայն կապեր ստեղծելու եւ խորացնելու հրաշալի հնարավորություն է, բացի այդ՝ հնարավոր է անվճար ճամփորդել աշխարհի տարբեր երկրներ (ձեռքի հետ էլ մի քանի ելույթ ունենալ)՝ չհաշված օրապահիկները։
Այնպես որ, ընդդիմադիրները որեւէ դեպքում չեն հրաժարվի միջխորհրդարանական ճանապարհորդություններից։
Ավելին՝ ԱԺ նախորդ նստաշրջանում էլ նրանք բավական ակտիվ էին այս հարցում։ Ճիշտ է, էկզոտիկ երկրներ այցելելու պատիվը միայն ՔՊ-ականներին է վերապահված. միայն իշխող խմբակցության պատգամավորներն են ընդգրկվում այդ պատվիրակությունների կազմում, բայց դեպի Եվրոպա եւ հարեւան երկրներ ընդդիմադիրների առաջ ճանապարհը նույնպես բաց է։ Հակառակ փողոցային պայքարին եւ ԱԺ նիստերը բոյկոտելուն՝ նույն «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանն, օրինակ, ակտիվորեն մասնակցում էր ԵԽԽՎ նիստերին, անգամ Ռոբերտ Քոչարյանի կաշառքի գործով ամբաստանյալի կարգավիճակում լինելով հանդերձ, Գեւորգյանը պարբերաբար երկրից մեկնելու թույլտվություն էր ստանում։
Առաջիկա օրերին նա կմեկնի Թուրքիա, բայց ոչ թե Ստամբուլն արյան ծով սարքելու, այլ մասնակցելու ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Հետո կմեկնի Ստրասբուրգ՝ «Խորհրդակցական մասնակցային ժողովրդավարություն» թեմայով քննարկման մասնակցելու համար:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ կմեկնի Ալբանիա՝ Տիրանայում մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին։ «Հայաստան» խմբակցությունից Զեմֆիրա Միրզոեւանը կգնա Ստոկհոլմ. ընդ որում՝ Շվեդիայի Թագավորություն կմեկնի ճանաչողական այցով՝ ՔՊ-ական երկու պատգամավորուհիների հետ։
Այնպես որ, երկդիմի քաղաքականությունն ընդդիմադիրների համար միանգամայն «բնական» երեւույթ է. նրանց պետք են պարբերաբար շոուներ կազմակերպել, աղմուկ բարձրացնել եւ ուրիշ ոչինչ։
Ի դեպ, ընդդիմադիր խմբակցությունների կազմակերպած քննարկմանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե «խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը»։ Եթե այդպես է, իրենք ինչո՞ւ են շարունակում պահել մանդատը, եւ ոչ միայն ողջ խմբակցությամբ, այլեւ «Հայաստան» դաշինքի բոլոր թեկնածուներով ինչո՞ւ չեն հրաժարվում մանդատից՝ իշխանությունների համար ստեղծելով անհարմար իրավիճակ, նաեւ իսկական ներքաղաքական ճգնաժամ։ Վստահ չեն իրենց պատգամավորների ու ցուցակի մյուս թեկնածուների վրա, թե այնուամենայնիվ, այդ մանդատը տարատեսակ բարիքներից օգտվելու հրաշալի հնարավորություն է։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: