ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Ալխաս Ղազարյանը հանդես են եկել Հարկային օրենսգրքից բնակելի տունը վաճառելու դեպքում 20% եկամտահարկ վճարելու պարտավորության պահանջը հանելու օրենսդրական առաջարկով։
Խորհրդարանի նիստում նախագիծը ներկայացնելիս Պապոյանը հայտնել է, որ պատգամավորներն ու ԱԺ ղեկավարությունը բազմաթիվ նամակներ են ստացել այս խնդրի հետ բախված ՀՀ քաղաքացիներից, ուստի եւ որոշել են փոփոխություն առաջարկել օրենքում։
Ըստ նրա՝ այժմ, երբ քաղաքացին նոր տուն է կառուցում ու ինչ–ինչ պատճառներով 2 տարվա ընթացքում որոշի վաճառել տունը, ստիպված է վճարել 20% եկամտահարկ։ Բացի դրանից, ըստ պատգամավորի, նաեւ այլ խնդիր կա. ՀՀ բոլոր շրջաններում, բոլոր բնակավայրերում հազարավոր անհատական բնակելի տներ կան, որոնք մարդիկ սարքել են, ապրում են, բայց ավարտական ակտը չկա։
«Ու եթե այսօր քաղաքացին որոշի այդ ավարտական ակտը հանել ու վաճառել, ապա ստիպված է լինելու այն տան համար, որտեղ 20-30 տարի ապրել է, 20% եկամտային հարկ վճարել։ Կամ գյուղերում բազմաթիվ տներ կան, որ առաջին հարկը կառուցել, ապրում են, երկրորդը չեն ավարտել։ Հիմա, եթե այդ տունը վաճառեն, նորից ստիպված են լինելու 20% հարկ վճարել»,– նշել է Պապոյանը։
Իրավիճակը շտկելու համար նախագծի հեղինակներն առաջարկել են օրենքից հանել այս դեպքերի համար սահմանված վերոհիշյալ դրույթը: Պատգամավորի համոզմամբ, բերված օրինակները հիմնականում սոցիալապես անապահով մարդկանց են վերաբերում, որոնք տարբեր պատճառներով ստիպված են լինում վաճառել իրենց տները։
Մտահոգությունը, որ օրենքի հնարավորությունից կարող են օգտվել կոմերցիոն վաճառքով զբաղվողները, ըստ պատգամավորի, ՊԵԿ–ում բացառել են` վստահեցնելով, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հեշտությամբ կպարզեն չարաշահման հնարավոր փորձերը։