«Փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի մասին իմացա ամուսնուս մայրիկից. նա սարսափահար զանգահարել ու հարցնում էր՝ ինչպես ենք։ Մենք Կիեւում ենք ապրում, պարզապես մեր կողմերում առաջին ժամերին հրետակոծություններ չէին եղել, եւ ձայներ չէինք լսել։ Իրար հետեւից սկսեցին զանգել մեր մյուս հարազատները: Ես, ցայտնոտի մեջ ընկած, կայքերում լուրերն էի կարդում եւ փորձում հավաքել իմ ու ամուսնուս փաստաթղթերը, առաջին անհրաժեշտության պարագաներ»,- հիշելով պատերազմի մեկնարկի սարսափելի օրը՝ «Ալիք Մեդիա»-ին պատմում է Ուկրաինայի քաղաքացի 23-ամյա Լիա Մարկոսյանը։
Լիան ծնվել է Հայաստանում։ Նա մեկ տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, իսկ երբ 6 տարեկան էր, տեղափոխվեցին Կիեւ։ Լիան ասում է՝ մինչեւ պատերազմի մեկնարկը երբեմն իր հարազատներից լսում էր՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կարող է ռազմական բախում լինել, բայց կարծես չէր հավատում։
«Ես ու ամուսինս որոշեցինք գնալ իմ ծնողների բնակարան։ Այն մեր շենքում է, պարզապես ավելի մեծ է, եւ բոլորս այնտեղ տեղավորվեցինք՝ եղբայրս, ծնողներս, ես, ամուսինս, ամուսնուս քույրը եւ ծնողները։ Որոշեցինք միասին լինել, որպեսզի անհրաժեշտության դեպքում մասին գնանք ապաստարան կամ հեռանանք Կիեւից։ Տղամարդիկ արագորեն գնացին խանութ՝ սնունդ գնելու։ Նրանք վերադարձան ժամեր անց, քանի որ բոլոր խանութների մոտ հերթեր էին։ Մի քանի ժամից արդեն մեր տանն էլ սկսեցին լսվել այդ սարսափելի ձայները. մի կողմից՝ պայթյուններ, մյուս կողմից՝ տագնապի ազդանշաններ»,- հիշում է Լիան։
Պատերազմի առաջին օրերին Լիան ու հարազատները մնացել են Կիեւում, հետո որոշել տեղափոխվել, քանի որ այնտեղ մնալը գնալով ավելի վտանգավոր էր դառնում։
«Մարտի 5-ին որոշեցինք գնալ Վիննիցայի մարզ (հեռավորությունը Կիեւից՝ մոտ 270 կմ), քանի որ լսել էինք՝ այնտեղ համեմատաբար խաղաղ էր։ Մեզ միացան մեր մյուս ազգականները, եւ մոտ 35 հոգով ավտոմեքենաներով ճանապարհ ընկանք։ Ավտոճանապարհներին խցանումներ էին, զինվորականներն ու ոստիկանները պարբերաբար ստուգում էին, մենք լարված էինք ու վախեցած․․․ Սովորաբար 3-4 ժամում էինք հասնում Վիննիցա, իսկ այդ օրը 18 ժամում հազիվ հասանք,- հիշում է Լիան։
Լիայի մորեղբայրը զանգահարել էր Վիննիցայում իր ընկերներից մեկին եւ խնդրել, որ իր հարազատների համար կացարան գտնի։ Լիայի մորեղբոր ընկերոջ տունը մեծ չէր։
«Այդ մարդը շատ բարի էր մեր նկատմամբ։ Մի մասը նրա տանը տեղավորվեց, մյուս մասը՝ նրա տան մոտ գտնվող տնակում։ Տնակը այդ մարդու հարեւանուհունն էր, որը մեզ սիրահոժար օգնեց։ Տնակում չկային անգամ կենցաղային նվազագույն պայմաններ։ Տղամարդկանցից ոմանք քնեցին գետնին՝ առաց վերմակի։ Ես ճնշվում էի ե՛ւ պայմաններից, ե՛ւ այն մտքից, որ պատերազմի սարսափելի ձայները կամ հրթիռակոծությունները կհասնեն նաեւ Վիննիցա»,- պատմում է Լիան։
Մի քանի օր անց սկսեցին լսվել պայթյունների ձայներ նաեւ Վիննիցայում։
«Մի քանի օր մորեղբորս ընկերոջ տան ու նրա հարեւանուհու տնակում մնալուց հետո որոշեցինք այլ ելք գտնել։ Տեղավորվեցինք Վիննիցայի մարզում մոսկվայաբնակ մորեղբորս ընկերոջ ՝ անտառում գտնվող ասֆալտի գործարանում։ Այդտեղ աշխատող մարդկանց համար սենյակներ կային։ Կենցաղային սուղ պայմաններ էին, բայց այդ գործարանի աշխատողները շատ բարի էին մեր հանդեպ, այնպես որ հարմարվեցինք»,- հիշում է Լիան։
Մարտի 7-ից մինչեւ մայիսի 10-ը Լիայի ընտանիքն ու հարազատներն ապրել են այդ գործարանում։ Լիան ու նրա ամուսինն այդ ընթացքում ապրում էին նաեւ ասֆալտի գործարանից ոչ շատ հեռու գտնվող մի հյուրանոցում, որտեղ ինտերնետ կար, որպեսզի Լիայի ամուսինը կարողանար առցանց աշխատանքը շարունակել։ Լիան սարսափով է հիշում այն օրերը, երբ ասֆալտի գործարանի բակում տեսել է օդում գործարանին բավական մոտ տարածքով սլացող հրթիռը։
«Հետո մի քանի անգամ էլ տեսա այդպիսի հրթիռներ։ Շատ էինք վախենում, որ հրթիռը կընկներ այդ գործարանին մոտ գտնվող տարածքում, բայց միմյանց քաջալերում էինք, որ պատերազմը շուտով կավարտվի, իսկ սարսափելի պատերազմը շարունակվում էր։ Ամենասարսափելի պահերն այն օրերին էին, երբ մի խումբ կամավորներ զրահամեքենաներով եկան ասֆալտի գործարան, մի քանի օր պետք է մնային այդտեղ, քանի որ մեքենան փչացել էր։ Ես վախենում էի, որ ԱԹՍ-ներով կարող էին տեսնել այս տեխնիկան, ռմբակոծել այն, այդ դեպքում նաեւ ասֆալտի գործարանը կռմբակոծեին․․․- ասում է Լիան ու հիշում,- բարեբախտաբար մինչեւ մայիսի տասը անփորձանք մնացինք ասֆալտի գործարանում ու որոշեցինք վերադառնալ Կիեւ»։
Լիայի ընտանիքը չի կարող հեռանալ Ուկրաինայից, քանի որ նրա եղբայրը, հայրը, ամուսինն ու սկեսրայրը զինապարտ են։ Լիան ասում է՝ այս օրերին հաճախ միանում են տագնապի ազդանշանները, ընտանիքի անդամների մի մասը կորցրել է աշխատանքը, բոլորը լարված են, եւ անկանխատեսելի է՝ ինչ կարող է լինել հաջորդ վայրկյանին։
«Սարսափելի է, բայց պատերազմը մեր կյանքի մի մասն է դարձել։ Մենք ասես վարժվել ենք այս դժոխային վիճակին։ Բնակարանի մուտքի մոտ գտնվող պահարանում պահում ենք պայուսակ, որի մեջ դրված են մեր փաստաթղթերը, թանկարժեք իրերն ու մի երկու իր, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք արագորեն վերցնել պայուսակն ու հեռանալ տնից։ Դեռ հույս ունենք, որ վաղը կարթնանանք ու կլսենք՝ պատերազմն ավարտվել է, բայց այդ «վաղն» այդպես էլ չի գալիս։ Անասելի դժվար է այսպես ապրելը։ Երանի՜ աշխարհում ոչ մի տեղ չլիներ պատերազմ՝ այս աղետալի, սարսափելի երեւույթը․․․»,- ասում է Լիան։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։