Ամիսներ առաջ թվում էր, թե Թուրքիան ու Հունաստանը գնում են դեպի հարաբերությունների կարգավորում, սակայն վերջին օրերին լարվածության կտրուկ աճ է նկատվում երկրների միջեւ։
Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն կոշտ հաղորդագրություն է հղել Հունաստանին՝ կապված վերջին օրերին Էգեյան ծովում ստեղծված լարվածության հետ․ «Մինչ մենք կարեւորում ենք Էգեյան ծովի շրջակայքում հարեւան պետությունների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը, Հունաստանը շարունակում է սադրել։ Եթե արկածներ փնտրեք, ինչպես անցյալում, այժմ եւս ստիպված կլինեք կրել դրա արդյունքները։ Սա զգուշացում է մեր հարեւան Հունաստանին»։
«Հետեւաբար թող բոլորը խելքները գլուխը հավաքեն։ Սա հատկապես Հունաստանին ենք ասում։ Մի՛ դարձեք ուրիշների գործիքը։ Դադարեցրե՛ք սադրանքները, որովհետեւ Թուրքիայի բարեկամությունը դարավոր է, իսկ թշնամանքը՝ դաժան։ Սա ձեր մտքից չհանե՛ք»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, Էգեյան ծովի տարածքում Հունաստանի S-300 օդային պաշտպանության համակարգերը հետապնդել են աշխատանքային թռիչք իրականացնող թուրքական F-16 ինքնաթիռներին։ Այս երեւույթը Թուրքիայում ընկալվել է որպես հարեւանական հարաբերությունների ոտնահարում ու թշնամական քայլ։
Իսկ սեպտեմբերի 11-ին Թուրքիայի Չանաքքալեի շրջանի ափամերձ անվտանգության ծառայությունն ահազանգ է ստացել, որ Բոզդաայում Հունաստանի ծովային անվտանգության ուժերը կրակ են բացել միջազգային նավարկություն կատարող նավի ուղղությամբ, որը կրել է Կոմորոսի դրոշը։ Թուրքական անվտանգության ծառայության նավերի՝ դեպքի վայր հասնելուն պես հունական նավերը հեռացել են, փոխանցում է Sabah պարբերականը։