ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցած գիշեր տեղի ունեցած ռազմական բախումը լարվածության վտանգավոր սրացում է, որը պետք է թուլացվի։
«Հորդորում ենք անմիջապես դադարեցնել բռնությունները եւ վերադառնալ բանակցությունների։ ԵՄ-ն կապի մեջ է երկու կողմերի հետ՝ իրավիճակի կայունացմանը նպաստելու համար»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Եվրամիության արտգործնախարարը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը եւս դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։
«Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը հնարավոր ամենախիստ ձեւով դատապարտում է վաղ առավոտյան Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումը։ Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի, հնարավորինս շուտ միջամտելու եւ կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնելու այս հարձակումները»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Ֆուրլասը։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդն իր հերթին խստորեն դատապարտել է նախորդ գիշերվա Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների վրա։
«Տեղեկություններ կան ինտենսիվ հրետակոծությունների եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին, որոնք թիրախավորել են Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական բնակավայրերը՝ պատճառ դառնալով դեռեւս անհայտ թվով զոհերի»,- նշել է Կալյուրանդը:
Նա ընդգծել է, որ այս նոր ագրեսիան շարունակությունն է մարտին եւ օգոստոսին Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի՝ Բաքվի կոպիտ խախտումների, որոնց ժամանակ ադրբեջանական կողմն օգտվել էր ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված համաշխարհային եւ տարածաշրջանային իրադրությունից։
Կալյուրանդը միջազգային հանրությանն ու մասնավորապես Եվրամիությանը հորդորել է հստակորեն արձագանքել այս անընդունելի ուժի կիրառմանը։ Ըստ նրա՝ երկու կողմերին զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ։
«Ընդամենը երկու շաբաթ առաջ էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը Բրյուսելում համաձայնության եկան՝ մեկ ամսվա ընթացքում սկսելու աշխատել խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։ Կոչ եմ անում Բաքվին չվատնելու այս պատմական հնարավորությունը եւ առանց հապաղման վերադառնալու բանակցային սեղան»,- հայտարարել է Կալյուրանդը։