Գերմանական Deutsche Welle պարբերականը գրում է, որ Գերմանիայում, ինչպես նաեւ Եվրոպայում առհասարակ, գրանցվող գնաճը պայմանավորված է էներգակիրների շուկայում արձանագրվող թանկացումներով։ Բացի դրանից` զգալիորեն թանկացել են նաեւ մթերային ապրանքները։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Եվրոպային պատուհասած էներգետիկ ճգնաժամի պատճառով Գերմանիայում շարունակում է աճել սղաճը։
Գերմանական դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով՝ օգոստոսի դրությամբ Գերմանիայում ապրուստը թանկացել է միջինը 7,9%-ով։ Հուլիսին այդ ցուցանիշը կազմել էր 7,5%։ Ինչպես արդեն նշվեց, գերմանացի մասնագետներն այս թանկացման երկու գործոն են նշում՝ էներգակիրների, ինչպես նաեւ մթերային ապրանքների թանկացում:
Ընդ որում` գնաճն այս երկու ուղղություններով էլ շարունակվում է, իսկ բնակչության համար նախատեսված պետական օժանդակության՝ հունիսին սահմանված ծրագրերի ժամկետներն արդեն լրացել են։ Արդյունքում բենզինը եւ դիզվառելիքը կրկին թանկացել են։ Եվ դա այն դեպքում, որ Գերմանիայում վառելիքն ավելի թանկ է, քան հարեւան ԵՄ երկրներում։
Գերմանացի վիճակագիրներն արձանագրել են, որ տարեկան կտրվածքով Գերմանիայում օգոստոսին էներգակիրները թանկացել են 35,6%-ով, իսկ տնային տնտեսությունների համար՝ 46,4%-ով։ Ջեռուցման համար անհրաժեշտ մազութի գինը թանկացել է ավելի քան երկու անգամ (111,5%), բնական գազը թանկացել է 83,8%-ով, էլեկտրաէներգիան՝ 16,6%-ով։ Թանկացման միտումն արդեն վեցերորդ ամիսն է շարունակվում։
Նույն իրավիճակն է նաեւ գերմանական պարենային շուկայում. արդեն վեցերորդ ամիսն է, ինչ նկատվում է թանկացում։ Մթերային ապրանքները միջինը թանկացել են 16,6%-ով։
Թանկացումները հատկապես նկատելի են սննդի մեջ օգտագործվող բուսական յուղերի եւ ճարպերի շուկայում՝44,5%, կաթնամթերքի եւ ձվի շուկայում՝ 26,8%։ Միսն ու մսամթերքը Գերմանիայում թանկացել է 18,6%-ով, հացն ու հացամթերքը՝ 17,1%-ով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը