Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլը կմեկնարկի մարտի 25-ից: Որսվող ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ եւ ավելի դնովի ցանցերով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա՝ մանրաձկան որսը բացառելու համար: Որսը թույլատրվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը, իսկ տարեվերջին՝ դեկտեմբեր-հունվարին, սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար:
Սեւանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ տարածքի սոցիալ-տնտեսական խնդիրները կանոնակարգելու նպատակով 2020 թվականին մեկնարկել էր Սեւանա լճում արդյունագործական նպատակներով ձկան որսի փորձարարական ծրագիր։
Շրջակա միջավայրի նախարարության եւ ձկնորսների միջեւ կնքվել էր 255 պայմանագիր՝ շուրջ 236 տ սիգի որս իրականացնելու համար: Կնքված պայմանագրերի ժամկետն ավարտվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին: Կառավարության այսօրվա նիստում շրջակա միջավայրի նախարարը զեկուցել է, որ նշված ժամանակահատվածում որսվել է շուրջ 204 տ սիգ՝ լիճ մուտք ու ելք իրականացնելով թույլատրված 25 կետերից միայն 19-ից:
Կառավարության նիստում շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է 2021 թվականին իրականացնել փորձարարական որսի 2-րդ փուլը՝ հղում անելով 2020 թվականին Սեւանա լճում կենսապաշարի հաշվառման տվյալներին ու ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ քննարկումների արդյունքներին։
Համաձայն գիտությունների ազգային ակադեմիայի տվյալների՝ Սեւանա լճում սիգի ընդհանուր զանգվածը 2345 տ է, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ 586 տ: Սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տ չափաքանակ։
Կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություն եւ լրացում է կատարվել 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն (Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը սահմանելու մասին) եւ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1603-Ն (Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին) որոշումներում՝ թույլատրելով մեկնարկել լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։