ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի շուրջը զինված ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Բուրիչը համոզմունք է հայտնել, որ Եվրախորհրդի անդամ երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ այդպես են պարտավորվել Եվրախորհուրդ մտնելիս։
«Երկու երկրների իշխանությունների միջեւ վերջին անմիջական շփումները բարձր մակարդակով խոստումնալից էին եւ պետք է շարունակվեն»,- շեշտել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Բուրիչն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցելու հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը:
Հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը եւս անընդունելի է համարել Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին Ադրբեջանի հասցրած հարվածները։
«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններն ու տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին անընդունելի են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- նշել է Կարպենտերը։
Իրանի համար անընդունելի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր հերթին անհանգստություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումների եւ լարվածության սրման առնչությամբ: Դիվանագետը զսպվածության եւ հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է արել:
Քանանին ընդգծել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն: Խոսնակը նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետեւում է այս խնդրին առնչվող զարգացումներին եւ ընդգծել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերելու հարեւան երկրների միջեւ հակասությունների կարգավորման համար:
Անպատժելիությաունը մղում է ավելի ցեղասպանական վարքագծի
Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը եւս դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր հարձակումը: «Կանադան եւ միջազգային հանրությունը նավթով հարուստ Ադրբեջանին անպատժելիության կանաչ լույս են տվել, ինչով վերջինիս մղում են ավելի ցեղասպանական վարքագծի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների, նրա ժողովրդի նկատմամբ շարունակական ագրեսիայի»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է կոնգրեսականը: