Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում իրավիճակը լարված է, Գորիսում կրակոցների ձայներ են լսվում։
Ըստ նրա` հրետակոծությունից Գորիս համայնքում 4 տուն է վնասվել։ Թշնամին թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները։
«Մերոնք Սեւ լճի տարածքում են, մինչեւ օրվա վերջ կգան, նորություններ կիմանանք»,– ասել է Յոլյանը։
ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի ճշտումներ անելուց հետո
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի նվազմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ»,– նշել էր Թորոսյանը։
Ըստ խոսնակի` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները։
Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհերի նախնական թվի մասին ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի ճշտումներ անելուց հետո։
ՀՀ ՊՆ խոսնակն ընդգծել է, որ իրենք մանրամասն ուսումնասիրում են ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնված հայ զինծառայողներին առնչվող տեսանյութերը։ Նա վստահեցրել է, որ այդ մասով նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։