ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնելու կրակը: Կոչում նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սրացումը պետք է անհապաղ դադարեցվի։
«Մինչ օրս դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնվի: Վերջին 18 ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցվել, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը շարունակելու մասին համաձայնությունը։ Այդ բախումները վտանգում են առաջընթացը եւ վտանգում անհամար կյանքեր»,- ասել է Ռաուն։
Շմիդն իր հերթին հորդորել է դադարեցնել կրակը՝ զոհերից խուսափելու համար: «Հիմնվելով տարիների փորձի եւ փորձագիտական գիտելիքների վրա՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնելու։ Մենք բոլորս ունենք տարածաշրջանում կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելու ընդհանուր նպատակ»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: