Ըստ բրիտանացի տնտեսագետների՝ Մեծ Բրիտանիայի միապետուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը թանկ է նստելու բրիտանական տնտեսության վրա։ Ավելի ստույգ՝ այդ հուղարկավորությունը կարագացնի բրիտանական տնտեսության մեջ ի հայտ եկած ռեցեսիվ տրամադրությունները։ Տնտեսագետները հիշեցրել են, որ, օրինակ, Եղիսաբեթ Երկրորդի «պլատինե հոբելյանի» տոնակատարության ժամանակ բրիտանական ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում նվազել էր 0,1%-ով։
Բանն այն է, որ ինչպես այդ տոնակատարության ժամանակ, այնպես էլ այժմ՝ հուղարկավորությանը պատրաստվելիս, հավելյալ ոչ աշխատանքային օրեր են սահմանվել, եւ փակ են ոչ միայն պետական հաստատությունները, այլեւ խոշորագույն առեւտրային ցանցերը, ինչպիսիք են Tesco-ն, Sainsbury-ն եւ նույնիսկ ABF ցանցի մասնաճյուղերը։
Ավելի վաղ բրիտանական վիճակագրական ազգային վարչությունը հայտնել էր, որ հուլիսին երկրի ՀՆԱ-ն աճել էր 0,2%-ով, այն դեպքում, երբ հունիսին անկում էր ապրել 0,6%-ով։ Այսպիսով՝ միապետուհու հուղարկավորության արարողությունը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի առնվազն դանդաղեցման, եթե ոչ նվազման։ Տնտեսագետներն ահազանգում են՝ ուշադրություն հրավիրելով, որ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի փոքր կրճատում է եղել: Դա վկայում է, որ բրիտանական տնտեսությունը ռեցեսիայի մեջ է։
Աճող սղաճի դեմ պայքարով բրիտանական միապետությունն, ըստ էության, բարդ խնդրի առաջ է հայտնվելու: Բանն այն է, որ հուլիսի տվյալներով, տարեկան կտրվածքով, սպառողական ապրանքների գնաճը եղել է 10,1%, ինչը վերջին 40 տարվա համար ռեկորդ է։ Ու թեեւ նոր վարչապետ Լիզ Թրասը խոստացել է սահմանափակել էներգակիրների գնաճը, ինչն առաջիկա երկու տարիների համար կարող է 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի հավելյալ ներդրում արժենալ, առայժմ դեռ ամեն բան շատ մշուշոտ է, ու երկիրը ոչ աշխատանքային սգո շրջանի մեջ է, որը տեւելու է տասը օր։
Ու երբ միապետուհին արդեն հուղարկավորված լինի, ու երկիրը վերադառնա բնականոն կյանքի, ամենայն հավանականությամբ, բրիտանական տնտեսությունը վերաաշխուժացման համար առավել մեծ ծավալի ներդրումների կարիք կունենա։ Ընդ որում, տնտեսագետների համոզմամբ, պետության միջամտությունը պետք է լինի ոչ միայն էներգետիկ փաթեթի, այլեւ ավելի ծավալուն փաթեթի եւ ագրեսիվ գործողությունների տեսքով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը