Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանային բախումների, ինչպես նաեւ Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ լրագրողների հարցերին:
Բլինքենը նշել է, որ նախօրդ երեկոյան խոսել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Նա հավելել է, որ նախօրեին կրկին ականատես եղանք ռազմական գործողությունների բռնկմանը, «մի բան, որը ձեռնտու չէ ոչ մեկին»։
«Ռազմական բախումը չի բխում ո՛չ Ադրբեջանի ժողովրդի, ո՛չ Հայաստանի ժողովրդի շահերից եւ, իհարկե, չի բխում նաեւ ընդհանուր տարածաշրջանի շահերից։ Ես երկուսի հետ էլ խոսեցի, հորդորեցի անել հնարավոր ամեն բան՝ ընդհարումներից խուսափելու եւ իրենց երկրների միջեւ կայուն խաղաղություն կառուցելու մասին խոսակցություններին վերադառնալու համար:
Հենց այս պահին մեր հատուկ բանագնացը տարածաշրջանում է, ով աշխատում է երկու երկրների հետ: Ես սերտ կապի մեջ կլինեմ նրանց հետ եւ հույս ունեմ, որ մենք կկարողանանք հակամարտությունը վերադարձնել բանակցությունների սեղանին եւ վերադառնալ խաղաղություն կառուցելու փորձերին»,- ընդգծել է պետքարտուղարը:
Արձագանքելով լրագրողի՝ Ռուսաստանի ներգրավվածության եւ դրա հետ կապված մտավախությունների վերաբերյալ հարցին՝ պետքարտուղարն ասել է, որ Միացյալ Նահանգները մշտապես մտահոգված է, երբ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ խառնել իրավիճակը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից:
«Բայց եթե Ռուսաստանն իրականում կարողանա օգտագործել իր ազդեցությունն ի բարօրություն, այն է՝ կրկին հանդարտեցնի իրադրությունը, դադարեցնի բռնությունը եւ կոչ անի բարեխղճորեն ներգրավվելու խաղաղության կառուցման գործին, դա միանշանակ դրական քայլ կգնահատվի»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը: