Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղրղզստանն անհանգստացած է երկու երկրների սահմանին առկա լարվածությամբ, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով:
«Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է իրավիճակը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը եւ հույս է հայտնել, որ կողմերը հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից եւ միմյանց միջեւ առկա տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման հիմքի վրա»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ տաջիկական «Խովար» գործակալության՝ Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան իր հերթին Ադրբեջանին եւ Հայաստանին հորդորել է դիվանագիտական ճանապարհով շուտափույթ կարգավորել հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Ռասուլզոդան մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի սրացման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ կարեւոր է կանխել հետագա սրացումն ու գործընթացը հնարավորինս արագ վերադարձնել քաղաքական ու դիվանագիտական հուն։
Տաջիկստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման միակ տարբերակը ընդունված փաստաթղթերի հիման վրա երկխոսության միջոցների արդյունավետ կիրառումն է։
Ղրղզստանի նախագահն ու Տաջիկստանի վարչապետը սեպտեմբերի 14-ին մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված եւ տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացված խորհրդի արտահերթ նիստին: