ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրականացրած փաստահավաք առաքելության տվյալները։ Ըստ Պաշտպանի զեկույցի՝ Ադրբեջանի ռազմական հարձակման հետեւանքով քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, նրանցից երկուսին ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։
Ըստ այդմ՝ ադրբեջանական հարձակումի սկզբից մինչ այս պահը Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից առնվազն 2570 մարդ տեղահանվել է իր տնից։ Տեղահանվածների զգալի մասը կանայք են, երեխաներ, տարեցներ, նրանց թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։
«Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից»,– ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Մեծաթիվ են ապացույցները նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տները, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքները հրետակոծելու, գնդակոծելու եւ խափանելու վերաբերյալ։
Ավելի վաղ պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։
Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքվել նաեւ Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։
Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես Սոթքում եւ Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ավելի քան 9 հա տարածք։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ ադրբեջանական մեդիատիրույթում, ներառյալ պետական պաշտոնյաների հայատյացության մակարդակը շատ վտանգավոր է եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մեծ ռիսկ է գեներացնում։