Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, որ Հատուկ հանձնարարությունների գծով ՌԴ ԱԳՆ դեսպան Իգոր Խովաեւը սեպտեմբերին հերթական անգամ Բաքու եւ Երեւան կայցելի` շարունակելու խաղաղության պայմանագրի տեքստի վրա կատարվող աշխատանքները։ Նա նշել է, որ Հաշտության պայմանագրի նախապատրաստման թեման հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցման մեր ջանքերում կարեւոր տեղ է զբաղեցնում։
«Ռուսական համապատասխան օգնության պահանջվածությունը հաստատել են ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում։ Բնականաբար մեզ համար սա ինքնագովազդի հարց չէ, այլ մեծ պատասխանատվություն»,– շեշտել է նա։
Գոնչարը հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային եւ առարկայական բնույթ հաղորդելու համար ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեսպան Խովաեւի վրա է դրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցչի գործառույթը։
Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հաշտության պայմանագրի ստորագրումը Բաքվի հետ խաղաղության օրակարգի եւ ճանապարհային քարտեզի կուլմինացիան է։
Հայաստանն ընդունելի է համարում հարաբերությունների կարգավորման հարցում 5 կետից բաղկացած` Ադրբեջանի առաջարկած փաստաթուղթը։ Սակայն Երեւանի համար սկզբունքային են Արցախի տարածքում բնակվող հայերի անվտանգությունն ու իրավունքները։