ՀՀ վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ առաջարկությունների նոր փաթեթն առձեռն փոխանցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
«Եվ որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, պատրաստ ենք անմիջապես անցնելու դրա իրագործմանը,– նշել է Փաշինյանը: Նա պարզաբանել է, որ նոր առաջարկությունը վերաբերում է ճանապարհների բացմանը: «Մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ եւ ստանալ»,- շեշտել է նա։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
Պատասխանելով Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» պահանջելու Ադրբեջանի քաղաքականությանն առնչվող հարցին` Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով որեւէ մեկին որեւէ միջանցք չի տրվելու։
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն իր պահանջը հիմնավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, մինչդեռ այդ կետում «միջանցք» բառը չկա։ Նա հավելել է, որ փաստաթղթում հիշատակվող միակ միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքն է։