ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ 18։00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը շարունակում է լարված մնալ։
15։00-17։00-ը Սոթքից մինչեւ Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաեւ խաղաղ բնակավայրերը։
Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։ 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։
Հրետակոծում Ջերմուկի հարակից սարերի ուղղությամբ
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի հարակից սարերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրետանի է կիրառում, շատ հազվադեպ կրակում է նաեւ հրազենից։ Պայթյունների ձայները լսվում են 15-20 րոպեն մեկ: Ջերմուկի հարակից սարերի վերեւում նաեւ անօդաչու թռչող սարք է երեւացել։
Վայք–Սիսիան մայրուղուց դեպի Ջերմուկ գնացող հատվածը հսկում են զինծառայողներն ու ոստիկանները, քաղաք մուտք գործել թույլ են տալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։