Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա եւ հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի աջակցած խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական եւ բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։
«Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության եւ անվտանգության։ ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավար երկրներին եւ միջազգային կազմակերպություններին հորդորում ենք անհապաղ հրադադարի կոչ անել: Ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու հանձնառությունը»,- ասել է Freedom House-ի նախագահը: Նա երկրներին հորդորել է լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։