ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաշտոնական Երեւանի դիմումի համաձայն տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի թեմայով քննարկումը: Այն նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան:
Քննարկման արդյունքով պաշտոնական հայտարարություն դեռեւս չի արվել: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ռուսական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել է ՀԱՊԿ-ի ձեւաչափով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադար հաստատելու եւ կարգավորելու իրավիճակը քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով:
Նեբենզյան նաեւ տեղեկացրել է՝ Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթում հղում արվի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին:
Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս է հայտնել, որ Երեւանի ու Բաքվի միջեւ հրադադար կհաստատվի:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը, ըստ օրակարգի, սեպտեմբերի 15-ին վերստին կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակի առնչությամբ։