Երկրի վարչապետը հայտարարել էր՝ եթե գնայինք Ադրբեջանի հետ փոխհամաձայնության, եթե փոխզիջումների ճանապարհով փորձեինք լուծել հակամարտությունը, ապա կունենայինք նույն այս վիճակը, ինչ ունենք այսօր, բայց առանց զոհերի։ Բոլոր անկյուններից, նույն այդ վարչապետի նկատմամբ ունեցած վերաբերմունքից անկախ, ոմանք որպես նրան նետված մեղադրանք, ոմանք որպես արդարացում կրկնում են նրա այդ միտքը։
Արկածախնդրության չգնալու համար, պատերազմի չգնալու համար, պատերազմն ընդհանրապես բացառելու համար զոհերի մասին միտքն ինքնին բավարար պետք է լիներ։ Բայց պատերազմն, այնուամենայնիվ, չբացառվեց եւ հայաստանցի ու ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կյանքեր տարավ ու շարունակում է տանել։
Ճանապարհը, որով այժմ էլ ընթանում ենք, որ բերեց ու հանգեցրեց մեզ 2020-ի պատերազմին, մեր պարտությանը, այսօրվա վիճակին, մեր ընտրածն է։ Այն ընտրել ենք 1998-ին, երբ մերժեցինք արժանապատիվ խաղաղության հնարավորությունը։ Մաքսիմալիզմը, ռազմահայրենասիրությունը, անզիջողականությունը, պոռոտախոսությունը մեզ այլ տեղ տանել չէին կարող։
Պնդումը, թե խնդրի փոխզիջումային լուծման դեպքում ունենալու էինք նույն այս վիճակը, ինչ ունենք այսօր, բայց առանց զոհերի, սուտ է։ Այն մոլորեցնող քարոզչական հնարք է ու սեփական մեղքը նվազեցնելու փորձ։
Եթե վերադառնանք 1998, ապա փոխզիջումային լուծման գնալիս ունենալու էինք իրավիճակ, երբ Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը՝ որպես երեք իրավահավասար կողմեր, ԵԱՀԿ միջնորդությամբ պետք է գային համաձայնության։ Իսկ ապագայում Երեւանը, Բաքուն ու Ստեփանակերտը՝ կրկին որպես երեք իրավահավասար կողմեր, պետք է զբաղվեին Արցախի ապագա կարգավիճակի հարցով։ Շփման գոտում կլինեին միջազգային խաղաղապահ զորամիավորումներ։ Սահմանի երկայնքով կլիներ ապառազմականացված գոտի։ Չէր լինի մեր գրանցած այս խայտառակ պարտությունը։ Ադրբեջանը չէր հայտարարի, թե Արցախի հարց չկա այլեւս։ Հայաստանի դիրքերն այդ շրջանում շատ ամուր էին։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ տարածաշրջանում Հայաստանը ծանրակշիռ դերակատար էր, իսկ Արցախը, կրկնենք, բանակցային ընթացքի հավասարազոր անդամ։
Եթե 1998-ի խաղաղության ծրագիրը մերժած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց իշխանավարման որեւէ տարում, գիտակցելով իրենց պատասխանատվությունը, գնային փոխհամաձայնության, ապա մենք, ճիշտ է, չէինք ունենալու այն ձեռքբերումները, որ լինելու էին 1998-ին, որովհետեւ հաջորդած տարիներին 98-ի ամուր դիրքերն արդեն չունեինք, բայց կրկին, չէինք ունենալու այն վիճակը, ինչ ունենք այսօր։
Անգամ 2018-ից հետո, եթե Փաշինյանը հրաժարվեր ամբոխավարական իր կեցվածքից, եթե ունենար արգելակներ եւ պատասխանատվության թեկուզ փոքր չափաբաժին, եթե երկրի ներսում իր առանց այն էլ բարձր վարկանիշը բազմապատկելու բուռն ցանկության փոխարեն երկրի ապագայի մասին մտածեր, հնարավոր վտանգները հասկանալու ունակություն ունենար, կարողանար գնահատել իրավիճակը եւ գնար խնդրի փոխզիջումային լուծման, ապա կրկին՝ ե՛ւ տարածքային կորուստների առումով, ե՛ւ Հայաստանի ու Արցախի անվտանգության առումով, չէինք ունենալու այն վիճակը, ինչ ունենք այսօր։
Փոխհամաձայնեցված լուծումն իր կանոններն էր թելադրելու, որոնք գուցե մեր սրտով չլինեին, բայց այսպիսին, հաստատ, չէին լինելու։ Սո՛ւտ է, այսպիսով, պնդումը, թե բանակցություններով խնդիրը լուծելու դեպքում նույն վիճակն էինք ունենալու։ Բոլորովին այլ վիճակ էր լինելու։
Մենք այս վիճակում ենք, որովհետեւ ծանր պարտություն ենք գրանցել։ Որովհետեւ կույր ենք եղել ու արժանապատիվ խաղաղությունը խայտառակ պարտությամբ ենք փոխարինել։ Իսկ վիճակի գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանն են։ Նրանք փոխկապված են ոչ միայն իրար նկատմամբ ունեցած ատելությամբ, այլեւ Արցախի հարցում նույն ճանապարհի ընտրությամբ։ Ճանապարհ, որը բերեց մեզ հսկայական տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, ամոթալի պարտություն ու շարունակվող պատերազմ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։