ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու եւ տարածաշրջան այցելելու համար՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:
Սուրեն Պապիկյանը նշել է, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով պաշտպանության նախարարը շեշտել է տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:
Տոյվո Կլաարը ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ՝ շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է նաեւ ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու կողմերի միջեւ բանակցային գործընթացի վերականգնմանը եւ համաձայնությունների ձեռքբերմանը: