Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՄԱԿ-ի՝ 2021 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Ֆինլանդիան արդեն չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիր:
149 պետություն ընդգրկող հետազոտության մեջ նշված է, որ Ֆինլանդիան, ինչպես եւ նախորդ տարիներին, մյուս պետություններից առաջ է անցել խոշոր տարբերությամբ՝ մի քանի հարյուր միավորով:
Ամենաերջանիկների հնգյակում են Իսլանդիան, Դանիան, Շվեյցարինան եւ Նիդերլանդները, առաջին տասնյակում՝ Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան եւ Ավստրիան:
Վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը 60-րդ տեղում է՝ նախորդ տարվա 73-ի փոխարեն:
Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է 2012-ից: Զեկույցը կազմելիս հետազոտողները հաշվի են առնում բնակչության մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների պահպանումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաեւ հասարակական կարծիքի հարցումների արդյունքները: Ֆինլանդիայի բնակիչների համար երջանկության գործոնների թվում նշվում են բնությանը մոտ լինելը, բնակության անվտանգ միջավայրը, անհրաժեշտ ծառայությունների մատչելիությունը: